Դարձյալ ստիպված ենք խոսելու այն մասին, թե 2018 թվականն ինչքան պառակտեց հայ հանրությանը։ Հիմա «հեղափոխական կառավարությունը» շտապել է երկրի քաղաքացիներին շշմեցնել կեղծ տվյալներով, թե իբր Հայաստանում ամեն ինչ «աճում է»։ Վերցնենք Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի հոկտեմբերի 14-ին մամուլի կոնֆերանսում ներկայացրած թվերը։ Ըստ նրա` արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9,5 %-ով. «Ընդ որում, ուրախացնում է այն, որ մշակող արդյունաբերությունն ավելի արագ է աճում։ 8 ամսում մշակող արդյունաբերությունն աճել է 10,4 %-ով, ծառայությունները` 15,5 %-ով, շինարարությունը` 4,4 %-ով, ապրանքների արտահանումը` 4,6-ով»։ Գրանցված է կոնյակի, ծխախոտի, չմշակված ոսկու և երկաթի հալույթի արտահանման աճ «ՈՒրախալի է, որ մենք աճ ունենք շոկոլադի (38 %) և մրգային գինիների (52 %) արտահանման ոլորտում»,- նշել է նա։
Տ. Խաչատրյանն ասել է, որ այս տարի առաջին անգամ Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպությունը Հայաստանն ընդգրկել է արտասահմանյան ուղղակի ներդրումների նվազագույն սահմանափակմամբ երկրների ցուցակի մեջ. «Այսինքն, 70 երկրների մեջ մենք գտնվում ենք արտասահմանյան ուղղակի ներդրումների համար լավագույն տասնյակի մեջ»։ Եվ հանդիսավոր եզրափակումը. «Հայաստանը տնտեսական տարին կավարտի արտահանման 7 % աճով»։
Եվ ի՞նչ. ապրելը դարձել է ավելի լավ և ուրա՞խ։ Դուրս եկեք քաղաք և ուշադիր դիտեք ձեր շրջապատի ամենօրյա կյանքը, մարդկանց դեմքերը, մարդկանց, ոչ թե «հեղափոխության» մոլեռանդների։ Վարչապետ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովի մասնակիցներին իր ողջույնի խոսքում ասել է, թե իբր «այս տարի մեզ մոտ, ամենայն հավանականությամբ, տնտեսական աճ կլինի 7 %-ի շրջակայքում», և խնդրեմ, էկոնոմիկայի նախարարը 2 օր հետո «զեկուցում է». ճիշտ ուղիով ենք գնում, ընկերներ։ Տոկոսներն աճում են, ամեն ինչ աճում է։ Մինչդեռ շարքային քաղաքացիների դժգոհությունն ավելի շատ է, քան տարվա սկզբում։ Մինչդեռ երկրից հեռանում են ոչ պակաս ակտիվորեն, քան այս տարվա գարնանը։ Մինչդեռ չկան ու չեն սպասվում «բեկումնային ներդրումներ», անգամ արտասահմանի հայ գործարարների և գործարար կենտրոնների կողմից։ Եզակի օրինակները հաշիվ չեն։ ՈՒ դարձյալ օգնության են կանչում Քիմ Քարդաշյանին... Եվ ի՞նչն է հանկարծ ստիպել, որ հանդիպեն «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈՒ) ԲԲԸ-ի ղեկավարության հետ։ Հոկտեմբերի 8-ին նստել են Ռուսաստանից եկած հյուրերի հետ և ինչի՞ շուրջ են պայմանավորվել։ Կիսապաշտոնական հաղորդումներից բան չի հասկացվում։ Մի բան է պարզ. ՌԵՈՒ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը շանտաժին չի ենթարկվել. Հայաստանում այդ ընկերության գործունեության կրճատումը դեռ մնում է օրակարգում։ Մեջբերեմ կիսապաշտոնական հաղորդագրությունից. «Շոշափվել են ապագայում ներդրումների ընդլայնման հարցեր և կոնկրետ նախագծերի իրականացման հեռանկարներ: Նիկոլ Փաշինյանը և Օլեգ Բելոզերովը կարծիքներ են փոխանակել նաև Ռուսաստանից Սև ծովով լաստանավային բեռնափոխադրումների կազմակերպման գծով համագործակցության հնարավորությունների մասին»։ Բայց բոլորը պետք է հիանալի հասկանան, որ առանց ՌԵՈՒ ԲԲԸ-ի դուստր ձեռնարկության, այսինքն «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵՈՒ) հարցը լուծելու ոչ ոք ներդրում չի անի Հայաստանի տրանսպորտային համակարգի այդ կառույցում։ Իսկ ի՞նչ նորություններ ունենք մեր կառավարության ու ՌԵՈՒ-ի փոխհարաբերությունների մասին։ Ոչ մի։
Էջմիածնում անցկացվեց «Եկեղեցին և ընտանիքը XXI դարում. արժեքներ և մարտահրավերներ» միջազգային կոնֆերանսը։ Ինչպե՞ս է արձագանքում «հեղափոխական» կառավարությունը և արձագանքու՞մ է ընդհանրապես։ Կոնֆերանսում կարևորագույն կարծիքներ հնչեցին։ Եվ դրանք «հեղափոխականների» ու ԼԳԲՏ-ի անդամներից նրանց քաղաքական դաշնակիցների օգտին չեն։ Վերցնենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ելույթը։ Արդի աշխարհում վտանգի տակ է հայտնվել ավանդական ընտանիքը, և, ցավոք, օրեցօր ավելի են տարածվում ընտանիքի ավանդական տիպարին հակասող հասկացություններ, որոնք ներկայացվում են իբրև արդի աշխարհի զարգացման միտումներ։ Դա լրջագույն վտանգ է, որի դեմ անհրաժեշտ է համատեղ պայքար` նշեց Հայ առաքելական եկեղեցու ղեկավարը։ Ըստ նրա, ամենատագնապալին այն է, որ այդ նոր հասկացությունները հաճախ ներկայացվում են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության քողի ներքո, թեև իրականում հակասում են ընտանեկան կյանքի արժեքներին։ «Եկեղեցու համար ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է։ Եկեղեցին օրհնում է միայն այն միությունը, որում նոր կյանք է ծնվում, և մենք դա պետք է հասցնենք բոլորին»,- հայտարարեց կաթողիկոսը, հիշեցնելով, որ տեսնելով այդ սպառնալիքները, հայ եկեղեցին 2019 թվականը հայտարարել է ընտանիքի տարի։
Նորին սրբությունը մատնանշեց այժմեական մեկ այլ հիմնախնդիր` ընտանիքների քայքայումը, ամուսնալուծությունը, որի ցուցիչն աճում է ոչ միայն աշխարհում, այլև Հայաստանում։ Ըստ նրա, այդ տագնապալի իրողության պատճառները տարբեր են` սոցիալական, տնտեսական, բարոյական, այդ թվում` նաև տեխնոլոգիական առաջընթացը, որը վնաս է հասցնում ընտանիքում միջանձնային հարաբերություններին։ «Այդ մարտահրավերների համատեքստում մենք մեծ նշանակություն ենք տալիս պետության հետ համագործակցությանը ընտանիքների պաշտպանության և ամրապնդման, ինչպես նաև առկա սպառնալիքները կանխելու նպատակով։ Իսկական, ուժեղ և քրիստոնեական արժեքների ընտանիքը նշանակում է երկրի, պետության երաշխավորված ապագա»,- եզրափակեց Գարեգին Երկրորդը։ Ի՞նչ կարելի է ավելացնել դրան, եթե մենք գիտենք, որ իշխանություններն այդպես էլ օրակարգից չհանեցին տխրահռչակ Ստամբուլյան համաձայնագրի վավերացման հարցը։ Ես կավելացնեմ մեր հայրենակից, ռուսաստանցի փորձագետ Արսեն Լևոնյանի խոսքը։ Նա, նկարագրելով կրոնի և այլ արժեքների նկատմամբ ՈՒկրաինայում տիրող իրավիճակը, իր հոդվածը եզրափակել է հետևյալ բառերով. «Քանի որ նաև, այսպես կոչված, «հեղափոխական» Հայաստանում են կատարվում պաշտոնական, կանոնական և աշխարհում բոլորի կողմից ճանաչված հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված մերթ բացահայտ, մերթ թաքնված փորձեր, ողջ հայ ժողովուրդը դաս պետք է քաղի ՈՒկրաինայի և Մոսկովյան պատրիարքության ուկրաինական ուղղափառ եկեղեցու (ՈՒՈՒԵ) տխուր ու ողբերգական օրինակից, թե ինչի են հանգեցնում իբր «ամենահիմնավորված» պառակտիչ գործողությունները։ Չէ՞ որ միայն հիմարներն են սովորում սեփական փորձից, իսկ խելացիները սովորում են ուրիշների սխալներից։ Իհարկե, եթե Հայաստանի այսօրվա իշխանության, ինչպես երեկ` Պորոշենկոյի, նպատակն էլ հենց այն է, որ ջնջեն ազգային ավանդույթներն ու հավատը, դրանք փոխարինելով համասեռամոլության ու աղանդամոլության սանձարձակությամբ, ապա դա այլ խոսակցություն է։ Իսկ խոսքն ուղղափառության և ընդհանրապես քրիստոնեության լիակատար ու անդառնալի սպանության մասին է»։
Ահա նաև ընտանիքի պաշտպանության «Ծնողական համառուսական դիմադրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարիա Մամիկոնյանի տեսակետը։ Գլոբալիզացիան (համընդհանրացում, միօրինականացում) լուրջ մարտահրավերներ է բերում քրիստոնեական մշակույթի և, առաջին հերթին, ավանդական ընտանիքի համար, որն աշխարհի ողջ կառուցվածքի հիմնարար տարրերից մեկն է։ «Գլոբալիզացիան հանգեցնում է մարդկային համակեցության այն պատկերացումների և հազարամյակներով մշակված արգելքների ու նորմերի ոչնչացման, որոնցով մենք ապրել ենք և դեռ շարունակում ենք ապրել։ Այժմ մեզ առաջարկում են առանց այլընտրանքի այդ ամենը ջարդել ու դեն նետել և գալ ընտանիքի նոր մոդելի, աշխարհում և ընտանիքում գոյակցելու նոր սկզբունքների, այսինքն` ընտանիքի նենգափոխման։ Պատահական չէ «ընտանիք» հասկացության աղավաղումը, մտցվում են նրա նոր տիպեր, չնայած բոլորս գիտենք, թե ինչ է ընտանիքը»,- ասել է նա։ Էջմիածնի կոնֆերանսում իր զեկուցման մեջ Մ. Մամիկոնյանը նշել է, որ սոցիոլոգների ուսումնասիրության համաձայն, այսօր կան ընտանիքի ավելի քան 25 ձև և գենդերի ավելի քան 52 տեսակ։ Այդ համատեքստում նա շոշափել է Հայաստանի կողմից Ստամբուլյան համաձայնագրի հնարավոր վավերացման հարցը, ընդգծելով, որ դա ուժեղ հարված կլինի քրիստոնեական պետության հիմքերին. «Այդ համաձայնագիրը միանգամից մի քանի հիմնախնդիր է պարունակում, և ծագող ամենալուրջ խնդիրներից մեկը գենդերն է։ Ինչպե՞ս կարող է նման փաստաթուղթն ընդունելի լինել, եթե այն առաջարկում է հրաժարվել այն ամենից, ինչի վրա մինչ այժմ հիմնվել են և՛ Հայաստանը, և՛ Ռուսաստանը` մեր ժողովրդին հատուկ մշակութային միջավայրում, պատկերացումներում երեխաներին դաստիարակելու իրենց իրավունքից։ Բայց այսօր մեզ ասում են, որ դա պետք է վերացնել ու դեն նետել, իսկ դա նշանակում է, որ ոչնչացվելու է արժեքների ողջ համակարգը, ոչնչացվելու են մասնավորապես, ընտանիքները»։
Ըստ Մարիա Մամիկոնյանի, ընտանիքն այն ինստիտուտն է, որը սերնդեսերունդ փոխանցում է արժեքների և պատկերացումների որոշակի հավաքածու, բայց հենց որ ոչնչանա ընտանիքը, ոչնչացնելու են նաև այդ արժեքները. «Սեռալուսավորումից և հանդուրժողականությունից հետո հանրությանը պարտադրում են գենդերային և տրանսգենդերային խնդիրներ։ Տրանսգենդերային խնդիրների հիմքում դրված է, այսպես կոչված, «մարմնի սխալականությունը», որը երեխաներին առաջարկում են սեփական ցանկությամբ ուղղել փոքր տարիքից, և այդ ամենը պարունակվում է Ստամբուլյան համաձայնագրում»,- նշել է նա։ Ընդ որում, պետությունը պարտավոր չէ ոչինչ վավերացնելու, մանավանդ, եթե չի ուզում դա անել։ Բայց խնդիրն այն է, որ հարցադրումն այնպես է արվում, թե պետությունը պարտավոր է վավերացնելու համաձայնագիրը և այլ ճանապարհ չկա. «Ցավոք, պետական շատ գործիչների թվում է, թե ավելի լավ կլինի, որ իրենք ենթարկվեն այդ արտաքին թելադրանքին։ Ես կարծում եմ, որ դրա դեմ կարող է պայքարել նաև եկեղեցին, և ոչ միայն կարող է, այլև պարտավոր է։ Իսկ հանրությունը, եթե ճիշտ ուղղորդվի, այդ պայքարում անպայման կօգնի եկեղեցուն»,- եզրակացնում է Մամիկոնյանը։ Մի՞թե Գարեգին Երկրորդի և Մարիա Մամիկոնյանի ելույթներում ոչ մեկը չի լսում այն նախազգուշացումները, որոնք Հայաստանին ու հայ ազգին հասցեագրում էր փորձագետ Արսեն Լևոնյանը, թեև խոսում էր ընդհանրապես ուղղափառությանն ու քրիստոնեությանն սպառնացող վտանգի մասին։ Իմ կարծիքով, այդ մարդիկ լրջորեն մտահոգված են այն բանով, թե ինչ են պատրաստում «հեղափոխականներն» ու նրանց արևմտյան դաշնակիցները մեր երկրի և ազգի գլխին...
Այժմ մեր հանրության մեծամասնության շուրթերին յուրատեսակ հեռակա վեճ է, որն սկսվել է ազգային հերոս, Արցախի պաշտպանության բանակի գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանի լայն ռեզոնանս ստացած հայտարարություններից։ Եկեք դիտենք և գնահատենք, թե Հայաստանում ով է կողմ ընթացիկ իրավիճակի մասին Բալասանյանի տված գնահատականին, և ով է դեմ, ընդ որում, հաճախ գործը հասնում է ազգային հերոսի հասցեին հնչող սպառնալիքների։ Նրա հակառակորդների հիմնական զանգվածը ահաբեկիչներն են ու նրանց համախոհները, փաշինյանականները, մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով չեն ծառայել Հայաստանի զինված ուժերում կամ Արցախի պաշտպանության բանակում։ Մեր ազատագրական պատերազմի մասնակիցներից մեկը, ազատամարտի վետերան Գևորգ Գևորգյանը դատապարտել է Վիտալի Բալասանյանի նկատմամբ այսօրվա իշխանության վերաբերմունքը։ Հոկտեմբերի 14-ի մամուլի ասուլիսում նա հայտարարել է, որ գեներալ-լեյտենանտն այն մարդկանցից է, որոնք «թույլ չտվին, որ թուրքերը հասնեն մեր տներին»։ «Վիտալի Բալամանյանն այն տղան է, որը թուրքերի այնքան դիակ է տեսել, որքան մազ ունի Նիկոլը,- ընդգծել է Գևորգյանը և եզրակացրել.- Նիկոլ Փաշինյանը բարոյապես արժեզրկում է մեր հերոսներին»։
Նրանց, ովքեր դեռ չեն լսել գեներալ-լեյտենանտ Բալասանյանի հայտարարությունները, խորհուրդ եմ տալիս գտնել և ուշադիր լսել նրա տեսահարցազրույցը, որը բանավեճի բռնկում է առաջացրել Հայաստանում։ Բայց չէ՞ որ բացարձակապես ճիշտ է Գևորգ Գևորգյանը։ Փաշինյանի կառավարության օրոք նրա կողմնակիցներն իսկական պատերազմ են ծավալել նրանց դեմ, ովքեր 90-ականներին թքեցին ապահով կյանքի, աշխատանքի, ուսման վրա ու գնացին թշնամու դեմ կռվելու։ Գործը հասավ նրան, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սովորաբար ծայրաստիճան զգույշ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նույնպես ասել է, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունները ճիշտ են։ Մեզ մոտ, ընդ որում, հենց Փաշինյանի գլխավորությամբ, նրա երկչոտ համախոհները փորձում են նենգափոխել ոչ միայն մեր ավանդական ընտանեկան արժեքները, այլև խեղաթյուրել «հերոս» հասկացության էությունը։ Անձամբ ինձ համար Վիտալի Բալասանյանի գնահատականներում ամենակարևորն այն էր, որ և՛ Իլհամ Ալիևը, և՛ Նիկոլ Փաշիյանը չափազանց «փոքր են» Արցախի հիմնախնդիրը լուծելու համար։ Տարօրինակ է, որ հարցազրույցի հենց այդ մասն է հարուցել վարչապետի կողմնակիցների կատաղությունն ու ատելությունը Վիտալի Բալասանյանի նկատմամբ։ Բայց մի՞թե վարչապետն ինքը դեռ երեկ չէր ասում, որ առանց Արցախի հայերի ոչ ոք չպետք է վճռի Արցախի ճակատագիրը։ Բայց քանի որ այդպես է, ուրեմն իսկապես ճիշտ է գեներալ-լեյտենանտը, որ և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը, և նույնիսկ Ալիև-Փաշինյան զույգը չափազանց «փոքր են» Արցախի խնդիրը լուծելու համար։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ